Արևմտահայերենից Արևելահայերեն

Արևմտահայերեն

Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն
Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսեք գիտենք թե կրնան
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն

Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սեր ու սիրով
— Մերթ կենսուրախ — շաղ ու շողով
— Մերթ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ —
— Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք
Որ չըլլա թե պատահին —
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Արևելահայերեն

Գնացեք ասեք չար բաներին, որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

Չար բաներին բարև ասեք մեր կողմից
Ասեք գիտենք թե նրանք կան ու միշտ կարող են պատահել
Ասեք գիտենք, որ կարող են
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզ մոտ

Բայց դուք ասեք չար բաներին որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից

Քանի որ դուք չգիտեք ինչ
Քանի նրանք չգիտեն ինչ
Սեր ու սիրով
— Մեկ կենսուրախ — շաղ ու շողով
— Մեկ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շինել ենք մենք մեր աշխարհը լույս օրերի հյուրընկալ —
— Փոքրիկ մի աշխարհ որ հազիվ հազ կարողացել է թաքցնել
Մեր փոքրիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գնացեք ասեք չար բաներին — և ասեք
Որ չլինի թե պատահի —
Երբ պատահի հեռու մնան մեր այս տաքուկ երդիկներից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

Թողնել մեկնաբանություն